Մեղադրյալն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
1) իրեն ձերբակալելուց կամ մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
2) իր համար հասկանալի լեզվով, անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացվող մեղադրանքի փաստական հանգամանքների և իրավական գնահատականի մասին, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` նաև իրեն ազատությունից զրկելու հիմքերի և պատճառների մասին.
3) մեղադրանք ներկայացնելուց հետո անհապաղ անվճար ստանալու քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման, իսկ արգելանքի վերցվելու դեպքում` ձերբակալման կամ կալանավորման որոշումների պատճենները.
4) որ ձերբակալումից կամ կալանավորումից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում իր կողմից ընտրված անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում նաև հրամանատարը տեղեկացվի իր գտնվելու վայրի մասին.
5) ձերբակալման կամ կալանավորման դեպքում պահանջելու անվճար բժշկական զննում և ստանալու անվճար եզրակացություն, ինչպես նաև իր ընտրությամբ հրավիրելու բժիշկ և անարգել հաղորդակցվելու նրա հետ` առանց տեսողական կամ լսողական վերահսկման.
6) պահպանելու լռություն կամ տալ ցուցմունք, այդ թվում՝ պաշտպանի ներկայությամբ.
7) ձերբակալման կամ մեղադրանք ներկայացնելու պահից իր ընտրությամբ ունենալու պաշտպան կամ պաշտպանվելու ինքնուրույն, իսկ պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար միջոցներ չունենալու դեպքում` ունենալու պետական միջոցների հաշվին նշանակված պաշտպան.
8) խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների սահմանափակման, բացառությամբ մեղադրյալի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի.
9) մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի, ինչպես նաև այն մասին, որ իր ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց.
10) հակընդդեմ հարցման ենթարկելու իր դեմ վկայած անձանց, կամ որ այդ անձինք ենթարկվեն հակընդդեմ հարցման, ինչպես նաև, որ իր օգտին վկայող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ վկայած անձինք.
11) մասնակցելու իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական և վարութային այլ գործողություններին, եթե դա չի վնասի այլ անձանց կամ արդարադատության շահերին.
12) ստանալու վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ իր կամ պաշտպանի միջնորդությամբ կատարվող ապացուցողական գործողությանն իր մասնակցությունը չթույլատրելու մասին.
13) վարույթի նյութերին կցելու և հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ.
14) հայտարարելու իր մեղավորության կամ անմեղության մասին.
15) հարուցելու միջնորդություններ.
16) հայտնելու բացարկներ.
17) առարկելու վարույթի հանրային մասնակիցների գործողությունների դեմ.
18) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությանը, դիտողություններ ներկայացնելու այդ արձանագրությունում գրառումների ճշտության և լրիվության կապակցությամբ.
19) իր խնդրանքով անվճար ստանալու իր մասնակցությամբ կատարված ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրության, այդ թվում՝ դրա հավելվածի պատճենը.
20) ծանոթանալու իր նկատմամբ խափանման միջոց կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելու, փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին, իսկ իր խնդրանքով՝ նաև անվճար ստանալու այդ որոշումների, ինչպես նաև փորձագետի եզրակացության պատճենը.
21) անվճար ստանալու մեղադրական եզրակացության կամ եզրափակիչ ակտի, քրեական հայցի, գույքային հայցի, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի պատճենը.
22) նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում ստանալու պահից ծանոթանալու վարույթի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ ստանալու կամ դուրս գրելու ցանկացած տեղեկություն.